Մամուլ

Քննիչ հանձնաժողովը զեկույցը երկու ամսից կներկայացնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին կավարտի իր աշխատանքը: Աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովը պետք է ամփոփիչ զեկույց հրապարակի՝ ներկայացնելով իր եզրակացությունը և պատերազմի հանգամանքների ուսումնասիրության արդյունքները:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

Զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը և եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր: Քննիչ հանձնաժողովը պատրաստի ամբողջական զեկույցը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Զեկույցը կարող է ունենալ բաց և փակ մասեր:

Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաև ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով. փակ մասին կարող են ծանոթանալ այն պատգամավորները, որոնք գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որը նաև քննիչ հանձնաժողովի անդամ է հանդիսանում, ասաց, որ հանձնաժողովը վերջնական զեկույցը կներկայացնի լիազորությունների ավարտից 2 ամիս անց: Ստացվում է՝ փետրվարին արդեն ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի»: