Մամուլ

Բնապահպանության նախկին նախարարին դատում են նրա բացակայությամբ․ «Հրապարակ»

Բնապահպանության նախկին նախարարին դատում են նրա բացակայությամբ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին՝ Բուլկի Արամին առաջադրված մեղադրանք, հունիսի 6-ին ուղարկվել է դատարան և մակագրվել հակակոռուպցիոնի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Այս գործով 2 դատական նիստ է տեղի ունեցել, առաջինը կայացել է հոկտեմբերի 9-ին, երկրորդը՝ նոյեմբերի 16-ին։ Գործով որպես մեղադրյալներ են անցնում Գագիկ Կարապետյանն ու Սուրեն Ավագյանը։

Արամ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է գործարար Սիլվա Համբարձումյանից ենթադրյալ կաշառք վերցնելու դեպքի հետ, ըստ մեղադրական եզրակացության՝ Հարությունյանը Համբարձումյանից 14 հազար դոլար կաշառք է պահանջել՝ նրան հանքարդյունաբերության լիցենզիա տրամադրելու համար։ Արամ Հարությունյանի նկատմամբ, հիշեցնենք, միջազգային հետախուզում էր հայտարարվել, այժմ գործը քննվում է նրա բացակայության պայմաններում։ Մեզ հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը նման հնարավորություն տալիս է։ «Նոր օրենքի համաձայն՝ հեռակա վարույթով են անում»,- ասաց նա։

Պաշտպանին հարցրինք, թե այս ընթացքում Հարությունյանն իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ դիրքորոշում արտահայտե՞լ է, Սարգսյանն ասաց, որ չի կարող ասել: Իսկ անցյալում բնապահպանության նախկին նախարարն ասել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական