«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ այս տարվա օգոստոսին հայտնի էր դարձել, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերը չի կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունը։ 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարարի՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։ Հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, որ պիտի կատարվեր այս տարվա հուլիսի 1-ին, չի արվել։
Ըստ ժամանակացույցի՝ գնորդը մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ: Այսինքն՝ անգամ «փակովի» տարբերակով ձեռք բերված պետական գույքի համար ամբողջական վճարումներն արված չեն։
Ու թեև Նարեկ Նալբանդյանը դեռ պարտք է պետությանը, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ գերշքեղ ու գերթանկարժեք հյուրանոցը այս օրերին նախապատրաստվում է վերաբացման։ Մինչ այդ գրեթե մեկ տարի, եթե ոչ ավելի, այն վերանորոգման մեջ էր։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց գործարար Նարեկ Նալբանդյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ բացման օրվա հյուրերի մասին դեռ հստակ ցանկ չկա, այն կլինի առաջիկայում, բայց Ամանորի համար արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում.
«Կազմակերպչական աշխատանքները դեռ ընթացքում են, ավարտված չեն, մեծ թիմ է աշխատում։ Մեր հյուրանոցի գլխավոր տնօրենը Մահմուդ Սահադն է, ում դրսից ենք բերել։ Անձամբ ես չեմ զբաղվում հյուրերի ցանկով և կազմակերպչական աշխատանքներով»»։