Մամուլ

Նախագահին սպասարկող մեքենաների ձեռք բերումը՝ պետական գաղտնիք․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ հարցում է ուղարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմ՝ պարզելու, թե վերջին մեկ տարում որքան բենզին է ծախսել Խաչատուրյանին սպասարկող ավտոմեքենան: Հարցրել էինք՝ քանի մեքենա է սպասարկում նրան, և, ըստ մեքենաների, խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե որքան դիզվառելիք է ծախսվել նրան սպասարկող բոլոր ավտոմեքենաների համար:

Նաև խնդրել էինք հայտնել՝ որքան բենզին է հավելյալ տրամադրվել վերը նշված բոլոր սպասարկող մեքենաների համար և ինչ անհրաժեշտությամբ: Նախագահի աշխատակազմից, շատ արագ արձագանքելով մեր գրությանը, ժամեր անց տեղեկացրին, որ հանրապետության նախագահին սպասարկող մեքենան, ինչպես նաև ուղեկցող մեքենաները հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվեկշռում չեն, և, բնականաբար, վերջինիս կողմից ավտոմեքենաների համար անհրաժեշտ բենզին չի հատկացվում:

Ավելի ուշ նախագահականից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ բոլոր այն մեքենաները, որոնք սպասարկում են նախագահին, գտնվում են ՊՊԾ-ի վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով էլ տվյալներ փոխանցել չեն կարողացել: ՊՊԾ-ից, մեր բանավոր հարցերին ի պատասխան, հայտնեցին, որ բանավոր ոչինչ ասել չեն կարող:

Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը նույն հարցումն ուղարկեց ՊՊԾ պետի պարտականությունները կատարող Արթուր Գասպարյանին: Օրեր անց պարոն Գասպարյանի ստորագրությամբ ուղարկվեց փաստաթուղթ, որում, մասնավորապես, ասվում է.

««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների և միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Հայցվող տեղեկությունը, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, որի համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման ձևերի և մեթոդների, ինչպես նաև նրանց կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պետության կողմից անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները հույժ գաղտնի են, ուստի և, նույն օրենքի համաձայն, դասվում են պետական գաղտնիքի շարքին: Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ»: