«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ըստ 2022 թվականի հաշվետու տարվա եկամուտների և անշարժ գույքի մասին հայտարարագրի՝ 2020 թվականին ձեռք է բերել միանձնյա սեփականությամբ հողամաս Տավուշի մարզի Դիլիջան համայնքում։ 2021 թվականին ժառանգություն է ստացել բնակարան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բազմաբնակարաններից մեկում։ 2021 թվականի գրեթե նույն ժամանակահատվածում ժառանգություն է ստացել ավտոտնակ, սակայն Եղոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 906 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 150 հազար դրամ։ Եղոյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 մլն 443 հազար դրամ, որից 9 մլն 519 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Եղոյանը հաշվետու տարվա եկամուտներում նշել է նվիրատվություն 1 մլն 200 հազար դրամ, իսկ եկամտի աղբյուրը նշել է՝ «հարսանիքի հյուրերի կողմից»։ Նա նվիրատվություն է ստացել նաև 900 հազար դրամ, որը Նոնա Աշոտի Եղոյանի կողմից է։ 1 մլն 697 հազար դրամը նվիրատվություն է Նելլի Սեդրակի Սիմոնյանի կողմից։ Եղոյանը ժառանգության կարգով ստացել է 1 մլն 697 հազար դրամ։ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եկամտի 11 մլն 428 հազար դրամը վարկեր են «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից, «Յունիբանկ» ԲԲԸ-ից և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ից։
Պատգամավորի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 331 հազար դրամ, իսկ հաշվետու տարում վարկերի մարմանն ուղղել է 4 մլն 716 հազար դրամ՝ գրեթե տարեկան վարձատրության կեսից ավելին»։