Մամուլ

Ի՞նչ ծրագրեր են նախատեսվում Երևանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագիրը՝ 2024 թվականի համար։

Օրինակ՝ տրանսպորտի ոլորտում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի և միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթաց, հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում, մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, նոր ավտոբուսների կամ էլեկտրաբուսների ձեռք բերում (18 մետր 249 հատ և 8.5 մետր երկարությամբ 171 հատ), նոր տրոլեյբուսների (71 հատ) ձեռք բերում։ Կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի թվով 600 վերելակների փոխարինում, բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգում։

Արտաքին լուսավորության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընթացիկ շահագործման, պահպանման և արդիականացման աշխատանքներ, «Երևանի քաղաքային լուսավորություն» ծրագրի շրջանակում Երևան քաղաքի 28 փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացում: Բնապահպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել Կենդանաբանական այգու ընդլայնում»։