«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում այսուհետ կտեղադրվեն ՊՈՍ (POS) տերմինալներ: Ընդ որում՝ խոսքը «Էվոկաբանկ»-ի տերմինալների մասին է: Տեղեկացանք, որ այս տերմինալների անհրաժեշտությունն առաջացել է՝ անկանխիկ գործառույթների անցմամբ պայմանավորված:
Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարարության և «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միջև այս տարի կնքվել է «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու մասին» պայմանագիրը, որի շրջանակում իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում POS տերմինալների տեղադրումն ու սպասարկումը վճարումներն անկանխիկ եղանակով ընդունելու նպատակով:
Մենք տեղեկացանք, որ այժմ գույքագրում է իրականացվում՝ հասկանալու համար, թե պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում վերջիններիս գործունեության համար որքան տերմինալներ են անհրաժեշտ»։