«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցները կրկին ահազանգում են. «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ կրքերը չեն դադարում: Նախ՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը փոխկապակցված է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ: Բանն այն է, որ այս ընկերությունը լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցներին: Մասնավորապես, «ՄԼ Մայնինգ» ընկերության գրասենյակը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հարևանությամբ, ընկերության մեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, երթևեկելիս քանդում են ճանապարհները, ինչն էլ հետո դժվարացնում է այդ ճանապարհով այլ մեքենաների երթևեկությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված կադրերում ևս երևում է, որ ճանապարհին քարեր են, այն դժվարանցանելի է, և պատճառն էլ հենց այս ընկերության շինարարական գործընթացին մասնակից մեքենաներն են: «ՄԼ մայնինգ» ընկերության շուրջ դժգոհությունները բազմաթիվ են և միայն սրանով չեն սահմանափակվում: Մեզ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 3-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «ՄԼ Մայնինգ» ընկերությանը, և նրանք նախարարության մերժումները վիճարկում են դատարանում:
Մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակցություն չի տվել «ՄԼ մայնինգ» ընկերությանը, որ նա Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի «Հարավ-արևմտյան» տեղամասում արդյունահանման աշխատանքներ իրականացնի, ինչի համար «ՄԼ մայնինգ»-ը դատի է տվել նախարարությանը՝ պահանջելով դատարանին պարտավորեցնել նախարարությանը ՀՀ Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի «Հարավ-արևմտյան» տեղամասի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը դրական պետական փորձաքննական եզրակացություն տրամադրել»: