«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, օրերս խոսելով Ազգային կոմիտեի ձախողման պատճառների մասին, ասել էր, որ իրենք ժամանակավոր կառավարության կազմ էին ներկայացրել` Արման Թաթոյանի գլխավորությամբ, սակայն կար մեկ պայման․ բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ցավոք, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց:
Այս հայտարարությունը հերքեցին Թաթոյանն ու առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: Սակայն այդ գործընթացին առնչվող մարդիկ այլ մանրամասներ էլ են պատմում։
Մասնավորապես՝ որ Ազգային կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանը փորձել է բանակցել, հանդիպել տարբեր կողմերի հետ, այդ թվում` Լևոն Տեր-Պետրոսյանի: Հայտարարել է, որ պատրաստ է մի կողմ դնել նրա հետ ունեցած բոլոր երկարամյա տարաձայնությունները և գնալ անձամբ բանակցելու, որպեսզի երկիրը հանեն այս վիճակից, սակայն ՀՀ առաջին նախագահը մերժել է հանդիպելու առաջարկը։
Մենք կապվեցինք Վազգեն Մանուկյանի հետ, հետաքրքրվեցինք այս միջադեպով՝ իսկապե՞ս առաջարկել է հանդիպել, և մերժվել է իր առաջարկը: Նա ուշադիր լսեց մեր հարցը և ասաց. «Ես Ձեր ասածը ո՛չ կհաստատեմ և ո՛չ էլ կհերքեմ: Շատ շնորհակալ եմ»: