«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 22-ին։ Արմեն Չիչոյանը հարուստ կենսագրություն ունի, այս համակարգում փորձառու է․ 1994 թվականից սկսած՝ շուրջ 28 տարի դատախազությունում է աշխատել։ Այս ընթացքում հասցրել է մեծ եկամուտներ ստանալ և կուտակել։
Այսպիսով, Չիչոյանն այս տարիների ընթացքում ձեռք է բերել 3 բնակարան բազմաբնակարան շենքում և մեկ հողամաս։
Բնակարաններից մեկը ձեռք է բերել 2020 թվականին Երևանի Ավան վարչական շրջանում, Արաբկիր վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը 2005 թվականին ժառանգություն է ստացել, սակայն ում կողմից՝ Չիչոյանը չի նշել։ Նրա հողամասը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում, ևս ժառանգություն է։ Չիչոյանի երրորդ բնակարանը ևս գտնվում է Գեղարքունիքի մարզում, այս անգամ՝ Գավառ համայնքում, որը կրկին ժառանգություն է ստացել դատախազը 1996 թվականին և չի նշել՝ ում կողմից։
Չիչոյանը հայտարարագրել է մեկ մեքենա՝ KIA մակնիշի, 2014 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2021 թվականին, երբ Արարատի մարզի դատախազն էր։ Այդ տարվա ընթացքում, այսինքն՝ 2021 թվականին, Չիչոյանն իր BMW մակնիշի մեքենան վաճառել է 1 մլն 500 հազար դրամով և 3 մլն դրամով գնել է KIA մակնիշի մեքենան։ Դատախազի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար դոլար և 4 մլն 670 հազար դրամ։ Չիչոյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար և 13 մլն 689 հազար դրամ։
Դատախազի՝ 2022 թվականի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 207 հազար դրամ, որից 11 մլն 198 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ դատախազությունից։ Եկամուտների 175 հազար դրամը վարկ է «Ակբա» բանկից։ ՀՀ դատախազը 1 մլն 834 հազար դրամ ստացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով է ստացել՝ բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 871 հազար դրամ, որից 22 մլն 702 հազար դրամը կազմել է բնակարանի հիփոթեքը։
Հաշվի առնելով, որ հիփոթեքի ամսավճարները բավականին բարձր են, ըստ երևույթին, Չիչոյանը կկարողանա ստացած տարեկան եկամտով և առկա բանկային և կանխիկ դրամական միջոցներով փակել հիփոթեքի գումարը, սակայն ինչու չկան այդ ֆինանսական միջոցների աղբյուրները՝ պարզ չէ»։