«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին վկան հայտնի է. նա արդեն հրավիրվել է դատարան։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս Պաշտպանության բանակի զինվորական Սերյոժա Իվանյանն է, մասնակցել է Շուշիի մարտերին։ Գրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվելու վկաները՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն նախապես հաստատած վկաներից միայն չի հարցաքննի Արայիկ Հարությունյանին, քանի որ նա հակառակորդի կողմից գերեվարված է: Նշենք, որ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան:
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։ Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։