Մամուլ

Ինչո՞ւ է ձգձգվում ԱԺ բակի սրճարանի կառուցումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս ամռան ամիսներին լրագրողները ֆիքսել էին, որ Ազգային ժողովի բակում՝ ծառերի տակ, սրճարան են սկսել կառուցել․ հողային աշխատանքներ էին տարվում։ ԱԺ-ից ասել էին, որ խորհրդարանում գործող ճաշարանն են ընդլայնում, որն իբրև թե չի բավականացնում։ Սակայն կարճ ժամանակից շինաշխատանքները դադարեցին։ Պարզվում է՝ ԱԺ-ն միակողմանիորեն լուծել է մրցույթում հաղթող «Լիդեր-քոնսթրաքշն» շինկազմակերպության հետ կնքած պայմանագիրը։ Պատճառն  անբարեխիղճ աշխատանքն է եղել, ժամկետների խախտումը։

Ավելին՝ ԱԺ-ն այս ընկերությանը սև ցուցակ է գցել, որ այլևս տենդերների չմասնակցեն։ Պայմանագիրը, ապա համաձայնագիրը կնքել էին սեպտեմբերին, վերջնաժամկետ էր սահմանվել  30 օրը, այսինքն՝ հոկտեմբերի 14-15-ին աշխատանքը պետք է ավարտեին։ Մինչդեռ ԱԺ աշխատակազմի կողմից պայմանագրի լուծման գրության մեջ ասվում է․ «Կատարողի կողմից հոկտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ ԱԺ բակի սրճարանի 2-րդ փուլի սալիկապատման աշխատանքները դեռ չեն սկսվել»։ Այս հիմքով էլ պայմանագիրը լուծարվել է, և շինարարից փոխհատուցում են պահանջել։

Ուշագրավ է, որ ամռանն ԱԺ-ից հայտնել էին, որ սալիկապատման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթել է «Հիպերնովա» ՍՊԸ-ն, որի հետ էլ պայմանագիր են կնքել, արժեքը՝ 4 մլն 686 հազար 684 դրամ։ Երեկ ԱԺ-ից մեզ պարզաբանեցին, որ ի սկզբանե «Հիպերնովա»-ն է հաղթել, որը պետք է կատարեր ե՛ւ հիմքը փորելու, ե՛ւ սալիկապատման աշխատանքները, սակայն ընթացքում պարզվել է, որ սխալ հաշվարկ է արվել, և ավելի մեծ տարածք պետք է ընդգրկվի, ուստի նոր՝ սալիկապատման մրցույթ են հայտարարել, որն էլ շահել էր «Լիդեր-քոնսթրաքշն» ընկերությունը»։