Մամուլ

Թոշակի գնացող դատախազներին ժամկետից շուտ են ազատո՞ւմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ դատախազության համակարգից ահազանգեր են գալիս առ այն, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թոշակի գնացող դատախազներին ժամկետից շուտ ազատում է պաշտոններից, որպեսզի նրանք հետագայում թոշակ չստանան:

Մասնավորապես՝ համակարգում կան դատախազներ, որոնց թոշակի գնալուն դեռ 5-6 ամիս ժամանակ կա, սակայն նրանք արդեն ազատվել են պաշտոնից: Իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումներ պահանջեց ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին.

«Դատախազությունում Ձեր կողմից նշված նպատակով ազատումներ չեն լինում: Եթե լինում են ազատումներ (որոնց մասին Գլխավոր դատախազությունը մշտապես իրազեկում է), ապա դրանք տեղի են ունենում բացառապես «Դատախազության մասին» օրենքով նախատեսված հիմքերով»: