«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է, որ ԱԺ մեքենաների վերանորոգումն իրականացնում է «Գարանտսերվիս» ՍՊԸ-ն, որը նաև ոստիկանության և ՊՆ մատակարարներից է։ Այս ընկերությունը և մի շարք այլ ընկերություններ ժամանակին Հակոբյան եղբայրների համատեղ սեփականությունն էին. ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի մահից հետո անցել են եղբոր՝ Հրայր Հակոբյանի տնօրինությանը։
Դատական տեղեկատվական հարթակից տեղեկացանք, որ Արմեն Հակոբյանն իր հանգուցյալ հայրիկի՝ Վերսանդիկ Հակոբյանի ներդրումները ստանալու նպատակով դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան՝ «Գարանտսերվիս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանը «Գարանտսերվիս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը ընդունել է վարույթ։
«Ժողովուրդ» օրաթերթը գործի մանրամասներին ծանոթանալու նպատակով կապ հաստատեց Արմեն Հակոբյանի հետ, որն ասաց, որ Հրայր Հակոբյանը խուսափում է իր եղբոր իրավահաջորդներին պարտքերը վճարելուց՝ չտրամադրելով համապատասխան փաստաթղթերն ու հաշվետվությունը, ինչի հետևանքով ինքն ու եղբայրը հարցին լուծում տալու այլ տարբերակ չեն տեսել և դիմել են դատարան։ Արմեն Հակոբյանը հավելեց նաև, որ «Սպիտակ Դելֆին», «Բեստտուր», «Ֆրաս Պարկ», «Շամպայն գինիների գործարան», «Գարանտսերվիս», Ֆրանսիայի Հանրապետությունում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ընկերությունները Վերսանդիկ Հակոբյանին պարտք են շուրջ 3.000.000 ԱՄՆ դոլար փոխառության գումար:
Ա. Հակոբյանը մտավախություն ունի, որ Հրայր Հակոբյանը ցանկանում է յուրացնել կամ կեղծ սնանկության հատկանիշներ ստեղծել այդ ընկերություններում, որպեսզի խուսափի պարտքը վճարելուց: Դրա համար հիմք են հանդիսանում այն փաստերը, որ Արմեն Հակոբյանը, հանդիսանալով այդ ընկերություններից մի քանիսի բաժնետեր, բազմիցս դիմել է Հրայր Հակոբյանի ղեկավարած կազմակերպություններին այդ ընկերությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչին ի պատասխան՝ կա՛մ մերժում է ստացել, կա՛մ որևէ պատասխան չի ստացել»: