«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանը գումարել էր իր հերթական նստաշրջանը. ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում էր նաև Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Դատավորների ընտրության քվեարկությունը, սակայն, երեկ չկայացավ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քվեարկությունը տեղի չի ունեցել պատգամավորների բացակայության պատճառով: Բանն այն է, որ նրանք գործուղումների են: Սա է պատճառը, որ դատավորների ընտրության քվեարկությունը հետաձգվել է, որպեսզի իշխանականները վերադառնան գործուղումներից, դատավորների ընտրությունը կայանա, չտապալվի»: