«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը կարծում է, որ Արցախի կառավարությունը և պատգամավորները պետք է համագործակցեն Հայաստանի իշխանությունների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը Մարսել Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ինչու Արցախի խորհրդարանը, որը փաստացի այս պահին լուծարված չէ, արտահերթ նիստ չի հրավիրում և Արցախի ինքնորոշման հարց բարձրացնում: Վերջինս ասաց, որ արտահերթ նիստ ցանկացած պահի կարելի է հրավիրել, դա արդեն ԱԺ աշխատակազմի խնդիրն է և այն անձնավորության, որը փոխարինում է ԱԺ նախագահին:
«Ես օրեր առաջ իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի արել և առաջարկել էի ստեղծել ժամանակավոր կառավարություն, հնարավորություն ընձեռել այդ կառավարությանը, որպեսզի տեղահանված արցախցիներով զբաղվի, այսպես կոչված՝ վտարանդի կառավարություն: Իմ առաջարկը, սակայն, արձագանք չի գտել, չգիտեմ՝ ինչու: Մենք փորձել ենք պատգամավորներին հավաքել մի վայրում և նախապատրաստական աշխատանքներ տանել, բայց չի ստացվում: Ինձ թվում է, թե պատգամավորների մեծ մասի համար այս հարցն այժմեական չէ»,- ասաց Պետրոսյանը: Ի դեպ, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, որն ապօրինի գերեվարման մեջ է գտնվում այս օրերին, փոխարինում է նրա տեղակալը՝ Գագիկ Բաղունցը, որը նույնպես «Միասնական հայրենիք»-ից է:
Մարսել Պետրոսյանին հարցրինք՝ իր թիմակցից հետաքրքրվել է արդյոք՝ ինչու արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս. «Ես չեմ կարող ասել՝ ինչու. պարոն Բաղունցի հետ խոսակցություն չեմ ունեցել: «Միասնական հայրենիք» կուսակցության համար անհասկանալի պատճառներով պագամավորները չեն ցանկանում արտահերթ նիստ հրավիրել և քննարկել ստեղծված իրավիճակը, գոնե վերաբերմունք ցուցադրել Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրների լուծմանը»:
Ստացվում է՝ իրենք ցանկանում են, մյուս պատգամավորները համաձայն չեն արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին. «Չեմ կարող ասել՝ համաձայն են, թե ոչ. համենայնդեպս, առայսօր քայլ չեմ տեսել նրանց կողմից: Ես առաջարկել եմ՝ հավաքվենք, խոսենք, օրակարգ սահմանենք, թե որոնք են այս պահի դրությամբ առաջնային խնդիրները՝ համագործակցելով թեկուզ Հայաստանի իշխանությունների, շահագրգիռ քաղաքական ուժերի և միջազգային կազմակերպությունների հետ»»: