«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պաշտոնյաները սահմանաչափից շատ բենզին են օգտագործում՝ փաստացի չհիմնավորելով, թե ինչու:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային Ժողով՝ պարզելու, թե վերջին մեկ տարում (01/09/2022-31/08/2023) որքան բենզին են ծախսել ԱԺ բոլոր հանձնաժողովների նախագահներին սպասարկող ավտոմեքենաները:
Նաև խնդրել էինք պարզաբանել, թե ԱԺ պաշտոնյաները սահմանված չափից ավել որքան բենզին են ծախսել և ինչ անհրաժեշտությամբ:
Ըստ ԱԺ պաշտոնական պատասխանի՝ ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին՝ Սարգիս Խանդանյանին սպասարկող ծառայողական մեքենային ի սկզբանե հատկացված է եղել 3600 լիտր բենզին, սակայն հետագայում հավելյալ 170 լիտր էլ տրամադրվել է:
Թե ինչու է հավելյալ բենզինի կարիք ունեցել Խանդանյանին (նրանից առաջ՝ Էդուարդ Աղաջանյանին) սպասարկող մեքենան, ԱԺ պաշտոնական պատասխանում չկա:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հետ չի մնացել իշխանավոր ընկերներից, և իրեն սպասարկող մեքենային հատկացված 3600 լիտրին ևս 290 լիտր բենզին ավելացնելու կարիք է եղել մեկ տարվա ընթացքում:
Հավելյալ բենզինի կարիք է ունեցել նաև Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը (100լիտր), Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը (80լիտր), Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը (70 լիտր) և Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Թունյանը (60 լիտր):
Պաշտոնյաները շատ են լինում արտերկրում, ու այդ ժամանակ ծառայողական ավտոմեքենաները չպետք է ոչինչ ծախսեն: Օրինակ՝ Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը ավելի շատ այլ երկրներում են միասին, քան ԱԺ-ում:
Համեմատության համար նշենք, որ Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը»: