Մամուլ

Արցախցի պաշտոնյաներն ինչ-որ բանի են սպասում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո Արցախի կառավարության անդամները և պատգամավորները տեղափոխվել են Հայաստան: Արցախի Հանրապետության կառավարությունը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի ղեկավարությամբ, իր գործառույթներն իրականացնում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, որտեղ տարբեր հանդիպումներ է ունենում: Արցախի պատգամավորներն էլ իրենց հերթին են տարբեր շրջանակների հետ հանդիպումներ ունենում, առանց որևէ իրական արդյունքի: Տպավորություն է, սակայն, որ արցախցի պաշտոնյաները և պատգամավորները ինչ-որ բանի են սպասում:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է բարձրաձայնել, որ Արցախի կառավարությունը և պատգամավորները պետք է արտահերթ նիստ հրավիրեն և բարձրացնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը և պետությունը լուծարելու որոշումը չեղարկեն, որպեսզի միջազգային երաշխիքների պայմաններում հնարավոր լինի ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը հայրենիք:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրած նախագահ Սամվել Շահրամանյանն է պատգամավորներին զսպում, որպեսզի նման բան չնախաձեռնեն, մինչև ինքը հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ու համաձայնեցնի իրենց քայլերը: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչու պատգամավորները արտահերթ նիստ չեն հրավիրում, որպեսզի ինքնորոշման հարց բարձրացնեն:

Մեր հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ դեռ անվտանգային մի շարք հարցեր կան, որոնք պետք վերլուծեն, ինչից հետո նոր իրենց անելիքները կորոշեն. «Հիմա որոշակի խնդիրներ կան, շատ փակ թեմաներ կան, որոնք վերաբերում են անվտանգային հարցերին. մինչև այդ փակ թեմաները չքննարկվեն, չենք կարող քայլ անել: Մենք չպետք է վտանգենք ժողովրդի կյանքը: Իրավիճակը բազմակողմանի վերլուծելուց հետո միանշանակ կլինի համապատասխան հայտարարություն, հանրությունը տեղյակ կլինի մեր քայլերից: Այս պահին դեռ որոշակի թեմաներ կան, որոնք պետք է բազմակողմանի վերլուծության ենթարկել. շտապողականությունը լավ չէ»: