«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման որոշումը: ՀՀ դատախազությունը հաստատեց, որ Գեղամ Պետրոսյանը կապ չունի իրեն մեղսագրվող սպանություն արարքի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը դիմում էր ներկայացրել նախաքննական մարմին, որպեսզի Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվի, և նա արդարացվի: Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 4-ին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալից» ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է շուրջ 3 տարի, սակայն Գեղամ Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո որևէ քննչական գործողություն չէր արվում, և քրեական գործը մնացել էր Հակակոռուպցիոն կոմիտեի դարակներից մեկում: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար:
Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը՝ հայտնելով, թե տեսել է՝ ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա: Ավելի ուշ փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ իրականում Պետրոսյանի զենքի և դիակում եղած պարկուճի տեսակները չեն համընկնում, և այդ հիմքով Պետրոսյանն ազատ արձակվեց: Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին սպանված 10 հոգուց որևէ մեկի սպանության դեպքը բացահայտված չէ, չգիտենք՝ ով գնդակահարեց Երևանի կենտրոնում 10 քաղաքացու»: