«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված հայերի հոսքն ավարտված է։ Ավելի քան 100 հազար տեղահանվածներից մոտ 54 հազարը շարունակում են գտնվել պետության կողմից տրամադրված կացարաններում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունենալու մեր Արցախից բռնի տեղափոխված մեր հայրենակիցներին նյութական փոխհատուցումները։ Մասնավորապես շատ-շատերը ունեցել են Արցախում ընտանի կենդանիներ(կով, խոզ և այլն), որոնք եղել են իրենց ապրուստի միակ միջոցը և այսօր Հայաստանում փաստացի ոչինչ չունեն։ Ի՞նչ է առաջարկում կառավարությունը.
«ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու նպատակով արդեն իսկ նախաձեռնել է աջակցության ծրագրեր՝ օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Մասնավորապես՝ արդեն իսկ հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հրատապ կարիքները հոգալու նպատակով պետության կողմից յուրաքանչյուրին 100.000 դրամ միանվագ աջակցություն տրամադրելու վերաբերյալ ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվող փոխանցումների իրականացումն արդեն մեկնարկել է»։
Փոխվարչապետը տեղեկացնում է նաև, որ առաջիկայում նախատեսվում է բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կհատկացվի 40000 և կոմունալ ծախսերի համար հավելյալ 10000 դրամ։
Ի վերջո անդրադառնալով մեր բուն հարցին, Խաչատրյանը տեղեկացնում է, որ կարիքների գնահատման գործընթացի ավարտից հետո ըստ անհրաժեշտության նաև աջակցության նոր ծրագրեր կդիտարկեն գյուղատնտեսության ոլորտում գործունեության համար։
Թե «ըստ անհրաժեշտության» արտահայտության տակ ինչ կա թաքնված ու ինչպես դա կորոշվի՝ անհայտ է։
Նույն անորոշ պատասխանը տրվում է կապված բնակարանային ապահովման հետ։ Հարցին, թե արդյո՞ք արցախահայությանը հետագայում հատկացվելու՞ է բնակարաններ, տներ, ինչպես հայտնի ժամանակներում էր, թե՞ ինչպես ՀՀ մնացած քաղաքացիները, նրանք ևս իրենց արդար քրտինքով ևս մեկ անգամ էլ պետք է «տուն դնեն»։
Փոխվարչապետը վաղվա ծրագրերից խոսել խուսափում է, կարծես ակնարկելով՝ «կապրենք, կտեսնենք».
«Մինչ այս Կառավարության գործողություններն ուղղված են եղել բռնի տեղահանվածների հրատապ և միջնաժամկետ կարիքներին արագ արձագանքմանը՝ զուգահեռաբար դիտարկելով նաև հնարավոր երկարաժամկետ անելիքների վերաբերյալ հիմնական մոտեցումները։ Երկարաժամկետ աջակցության ծրագրերի հիմնական ուղղությունների վերաբերյալ որոշումները կկայացվեն և հանրությանը կներկայացվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համապարփակ կարիքների գնահատումն ավարտելուց հետո»։