«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 2 հազար անձ ժամանակավոր կացարան է ստացել Գորիսում, չնայած հաշվառումը դեռևս շարունակվում է։ Առաջին օրերին որոշ ընտանիքներ՝ Սյունիքի սահմանամերձ լինելու պատճառով, լքել էին մարզը, հիմա նրանց մի մասը կրկին վերադառնում է Գորիս։ Սակայն մարզում շատերին տեղավորելու հնարավորություն չունեն, քանի որ Գորիսի բնակֆոնդը 2020-ի պատերազմից հետո, կարելի է ասել, ամբողջովին սպառվել է, և նոր տեղահանվածներին՝ մեծ ցանկության դեպքում էլ, հնարավոր չի լինի հիմնական կացարաններով ապահովել։
Հիմա արցախցիների մեծ մասը քաղաքի հյուրանոցներում է։ Թե ինչքան ժամանակ հյուրանոցների սեփականատերերը կհանդուրժեն փախստականներին, և որքան ժամանակ բիզնես օբյեկտները որպես սոցիալական կացարաններ կծառայեն՝ որքան կարող է պետությունը դոտացիա տրամադրել, քաղաքային իշխանությունները տեղյակ չեն»։