«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում խառնաշփոթ է։ Երևան քաղաքի մի շարք դատարաններում, ինչպես մարզերի բոլոր դատարաններում, քաոս է, քանի որ տևական ժամանակ է, ինչ «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը:
Միանգամայն «պատահականությամբ» համակարգը խափանվեց հենց այն օրը, երբ ավարտվեցին Երևանի փողոցներում բողոքի ակցիաները, և մասնակից անձանց ապօրինի կալանավորումների դեմ բողոքարկման ժամկետները սկսվեցին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ արդեն երեք օր է՝ մակագրումները կատարվում են պարզ թղթային եղանակով, ու իրավապաշտպաններն ահազանգում են, որ աղմկահարույց գործերը կմակագրվեն քաղաքական իշխանության «սրտի դատավորներին»։
Տեղեկացանք, որ երբ դատական համակարգից խնդրի մասին ահազանգել են Կարեն Անդրեասյանի գլխավորած Բարձրագույն դատական խորհուրդ, ԲԴԽ-ից վստահեցրել են, թե սեպտեմբերի 29-ին կգործի, սակայն հոկտեմբերի 5-ին համակարգը դեռ չի գործել։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ոչ միայն նշված քրեական դատարանում ենք ունեցել խափանում, այլև մարզերում, օրինակ՝ Շիրակի մարզում: Օրեր շարունակ չէր գործում նաև ԲԴԽ պաշտոնական կայքը: Այդ խափանումները, նախնական վարկածով, կապված են հոսանքի տատանումների հետ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ինչպես համակարգը վերագործարկելու, այնպես էլ խափանման պատճառները հասկանալու համար: Այս պահին հաջողվել է վերագործարկել պաշտոնական կայքը»։