«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 26-ին ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն չի ներկայացրել դատարան նրա կալանքը երկարացնելու վերաբերյալ, սեպտեմբերի 26-ին նրա կալանքի ժամկետը լրացել է, ու նա ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ նրան կալանավորել էին ՊՆ հողատարածքների ապօրինի վաճառքի գործով: Ըստ էության, պարզ է, թե որն է Վաչագան Ղազարյանի ազատության գինը: Այս տարվա օգոստոսի 31-ին դատախազությունը հայտնեց, որ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը. «Գլխավոր դատախազության մասնակի հաշտության համաձայնությունը հաստատվեց դատարանի կողմից: 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը։
Կատարված ուսումնասիրության արդյունքում Գլխավոր դատախազությունը 2022 թվականի մայիսի 31-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։ 2023 թվականի օգոստոսի 22-ին Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն էր ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու և հայցապահանջում ներառված` «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։
Դիմումի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության և դիմում ներկայացրած անձանց միջև 2023 թվականի օգոստոսի 22-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով»: