«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկար չարչրկված Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը՝ Հռոմի ստատուտը, այսօր վերջապես կքննարկվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Համաձայնագրի վավերացումը նախատեսում է պարզ ընթացակարգ, ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է. նախ՝ գլխադասային հանձնաժողովում կքննարկվի, այս դեպքում՝ Պետաիրավական, այնուհետև՝ դրական եզրակացություն ստանալուց հետո, հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում այն արդեն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
ԱԺ-ում Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանականները, չնայած բազմաթիվ քննադատություններին, մտադիր են գալ ու միաձայն կողմ քվեարկել նախագծին: Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր դեռևս 1999թ.-ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել այն։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ.-ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով կրկին դիմեց ՍԴ։ ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը»։