«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա հանրահավաքը հետաձգելու Ազգային կոմիտեի որոշումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ինչպես ընդդիմադիր շրջանակների մոտ, այնպես էլ պայքարող մարդկանց։
Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ կոմիտեն հանդես եկավ հանրահավաքը հետաձգելու մասին հայտարարությամբ, որտեղ շատ թույլ փաստարկներ էին բերել, թե ինչու են հետաձգում.
Երեկ մարդիկ դժգոհում էին, որ հանրահավաքի չեղարկման պատճառներն անհիմն են, պետք է հավաքվել և հենց հրապարակում որոշել՝ ինչպես օգնել մեր հայրենակիցներին: Կար կարծիք, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ կոմիտեն չունի ասելիք, ելույթներն ու գործողությունները դեժավյու են առաջացնում: Ոմանք ասում էին, որ 5 հոգով ազգի ճակատագիրը վճռելու իրավունք չունեն, և անգամ «Ազգային կոմիտեն ապազգային է»։
Մենք տեղեկացանք, որ Ազգային կոմիտեում վերջին օրերին լուրջ տարաձայնություններ են առաջացել, մեղադրել են մեկմեկու, մեկին գործընկերոջ հռետորիկան դուր չի եկել, մյուսին՝ անհասցեականությունը։ Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել` քայլելով մաշեցնելու են շարժումը: Բայց մյուսները վախեցել են պատասխանատվություն վերցնել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանուն աթոռի արյուն թափելու, բայց այդ արյունն իրենց վրա է մնալու:
Քննադատել են Ավետիք Չալաբյանին` Փաշինյանին անվանական չքննադատելու համար, Թևանյանի ելույթում են թերություններ հայտնաբերել: Մի խոսքով՝ անգամ կոմիտեի փոքր կազմը երաշխիք չէ, որ հայերն ընդհանուր հայտարարի կգան, ինչն էլ դարձել է հանրահավաքը հետաձգելու պատճառ»: