Մամուլ

Ի՞նչ է քննարկվել Եվլախում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Եվլախում Ադրբեջանի և Արցախի պատվիրակության երեկվա հանդիպումից հետո Բաքուն հայտարարեց. «Քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման և Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ»:

Մեր տեղեկություններով, հիմնականում հումանիտար հարցեր են քննարկվել, ամենակարևոր՝ արցախցիների հետագա ճակատագրի հետ կապված հարցերին անդրադարձ չի եղել։ Ըստ Բաքվի՝ բավարարվել է Ղարաբաղի հայերի խնդրանքը՝ մարդասիրական օգնություն տրամադրել՝ պարենային ապրանքների և վառելիքի տեսքով։ Ըստ Արցախի աղբյուրների, առաջնահերթ քննարկվել են վերջին օրերի զոհերի դիակների դուրսբերման և հարազատներին հանձնելու հարցերը, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների հետ կապված տեսական հարցեր։

Արցախում կարծում են, որ Ադրբեջանը կարևոր խնդրին չի անդրադարձել` մի պատճառով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջիկա ժամերին պետք է քննարկվեր Արցախի հարցը։ Նշենք, որ Ադրբեջանից հանդիպմանը մասնակցել են Ալիևի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ռամին Մամեդովը, Բաշիր Հաջիևը և Իլկին Սուլթանովը։

Արցախի պատվիրակության կազմում են եղել Սերգեյ Մարտիրոսյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը, ով նախկինում էլ է Արցախի կողմից բանակցողը եղել և ռուս խաղաղապահների հետ սերտ կապեր ունի: Նրա որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է, ինչպես նաև ԱԺԿ պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

Ի սկզբանե որոշել են պետնախարար Արթուր Հարությունյանին ուղարկել բանակցելու, սակայն Ադրբեջանը մերժել է նրա թեկնածությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչը»։