Մամուլ

Ինչ հարցեր է քննարկել նախարարը ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի համաժողովում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի սեպտեմբերի 8-ից 10-ը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան՝ մասնակցելու ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի միջազգային համաժողովին։

Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրներին։ Այսինքն՝ պայմանավորվել են Արաքսին վերաբերող բնապահպանական խնդիրները լուծել միասին։

Այո՛, թվում է, թե հենց այդպես էլ պիտի լիներ, սակայն կա մեկ բացթողում. ինչպե՞ս է Հակոբ Սիմիդյանը քննարկումներ կատարում ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի վերաբերյալ, երբ Հայաստանում փոշու փոթորիկներ երբևէ չեն գրանցվել։ Իհարկե, Հայաստանն այժմ կանգնած է ոչ թե փոշու փոթորիկի ռիսկերի, այլ փոշու ամպերի պատճառով բնապահպանական և առողջապահական լուրջ խնդիրների առաջ։ Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում մեծ թափով ավելացել են նորակառույցները, որոնք հանգեցրել են լուրջ խնդիրների։

Եթե որոշ ժամանակ առաջ Երևանի ցանկացած հատվածից կամ բարձրահարկ շենքերից արևածագից մինչև մայրամուտ երևում էր Արարատ լեռը, ապա այսօր, բացի սպիտակ ամպերից, ոչինչ չենք տեսնում։ Սրա պատճառը բնապահպանական խնդիրների նկատմամբ ցուցաբերած անլրջությունն է, մետաղի ջարդոն ավտոմեքենաների փոխարեն, շինթույլտվություններ բաժանելն է, ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը։

Երևանում փոշու աղտոտվածության մակարդակը 2022 թվականին՝ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հուլիս և դեկտեմբեր ամիսներին, մի քանի անգամ հատել է կարմիր գծի շեմը։ Սա՝ միայն Երևանում. Ծաղկաձոր, Աբովյան և այլ քաղաքներ ևս ընդգրկվել են բնակարանաշինության խոշոր ծրագրերում, և վաղեմի զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորը վերածվել է մեծ շինհրապարակի։ 2022 թվականին փոշու աղտոտվածությունը 31%-ով գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հավելենք նաև, որ վերջին տարիներին Շրջակա միջավայրի նախարարությունը փոշու աղտոտումը վերահսկելու համար ոչ մի գնում չի կատարել։

Հաջորդ բացթողումը. ինչպե՞ս է ստացվում, որ Արաքս գետի բնապահպանական խնդիրները լուծելու համար Սիմիդյանը հանդիսավոր գործուղվում է Իրան, իսկ Սևանա լիճ լցվող գետերի, կոյուղաջրերի խնդիրները «հանդիսավորությամբ» նույնիսկ աչքի չեն անցկացնում։ Հայաստանում աստիճանաբար նվազող ջրային ռեսուրսների և եղանակային փոփոխությունների պատճառով Սևան լցվող 28 գետ ու գետակների մի մասը սակավացել կամ ուղղակի ցամաքել է։ Հասկանալի է Արաքս գետի նշանակությունը Հայաստանի համար, սակայն առերևույթ խնդիրները բարձիթողի վիճակում են։ Սևան լցվող գետերի հոսքը դանդաղել է, ինչի պատճառով էլ ռիսկային է դրանց ճահճացման խնդիրը, այնինչ շրջակա միջավայրի նախարարը ճամփորդում է քննարկումների անվան տակ»: