«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեկ» ընկերությունն Էջմիածնի քաղաքապետարանից խոշոր տենդեր է շահել։ Խոսքն Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և կառուցման աշխատանքների մասին է, որի համար Էջմիածնի համայնքապետարանը Դավիթ Սեդրակյանի ընկերությանը փոխանցել է 725 մլն դրամ, ինչը կազմում է մոտ 1 մլն 883 հազար դոլար։
Էջմիածնի համայնքապետարանն ընկերության հետ պայմանագիրը կնքել է օգոստոսի 18-ին, աշխատանքները պետք է ավարտվեն 2024 թվականի օգոստոսի 11-ին։ Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավոր էր ընտրվել 2021 թվականի ընտրությունների արդյունքներով, սակայն ամիսներ անց՝ օգոստոսի 22-ին, մանդատը վայր դրեց, ինչից հետո Սեդրակյանների ընկերությունը սկսեց պետության կողմից հայտարարված խոշոր մրցույթներ շահել»: