«Հրապարակ» թերթը գրում է․ «Արայիկ Հարությունյանի կողմից ստեղծված՝ Արցախի նախագահին կից գործող մի շարք խորհուրդներ` վերջինիս հրաժարականից հետո, ըստ օրենքի, լուծարվել են: Եվ դրա արդյունքում բողոքի ալիք է բարձրացել։ Դրանցից մեկը նախագահին կից Հակաճգնաժամային խորհուրդն է, որը ստեղծվել էր ամիսներ առաջ` հանրային գործիչներից, և ղեկավարում էր արցախյան հակառուսական թևի ակտիվ ներկայացուցիչներից մեկը` Տիգրան Պետրոսյանը:
Վերջին օրերին նա կրկին ակտիվացել է, նրանք դեմ են Սամվել Շահրամանյանի ընտրվելուն, պատրաստվում են Սամվել Բաբայանի հետ բողոքի ակցիաներ անել ընդդեմ Շահրամանյանի ընտրության, որին ԱԺ-ն, ըստ ամենայնի, շաբաթվա վերջին նախագահ կընտրի։ «Եթե Արցախում հայի արյուն թափվի, իսկ ամեն ինչ գնում է դրան, ապա այդ արյունն Արայիկ Հարությունյանի վզին է լինելու»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պետրոսյանը՝ հավելելով. «Արյունը՞ք օզում, արյունըք ստընական… Թալանչիներ, սառանչա, ձեր հարցերը մունք բիդի պատերազմից հետո լուծեինք, դե վեչինչ, տիյք օզում, տի անինք»։
Քաղաքական ուժերի և ՀԿ սեկտորի տարբեր ներկայացուցիչների հետ վերջին օրերին ունեցած հանդիպումների ժամանակ Շահրամանյանը, որոշ տեղեկություններով, խնդրել է իրենից քաղաքական ակնկալիքներ՝ պաշտոնների, արտոնություններ չսպասել և ոչ էլ կից խորհուրդների ու հանձնաժողովների ձևավորման ակնկալիք ունենալ, քանի որ առանց այդ էլ պետական ապարատն ուռճացված է, իսկ եղած ֆինանսական ռեսուրսները հազիվ են բավարարում»: