Մամուլ

Մարությանը բանակից խուսափելու համար երեխաներին օտարերկրյա քաղաքացիներ է դարձրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկ Մարությանն ունի 4 զավակ՝ 2 տղա և 2 աղջիկ։ Նրա զավակները Չեխիայի քաղաքացիներ են. «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին գրել է:

Օրեր առաջ Մարությանը ոչ միայն հաստատեց այս փաստը, այլև հայտարարեց, որ եթե իր որդիները մեծանան և ցանկանան ծառայել հայկական բանակում, ապա կծառայեն։

Մի քաղաքական ուժի ղեկավար, որը նույնիսկ քաղաքական ծրագիր չունի, խոսում է հայրենասիրության և հայրենիքի պաշտպանության կարևորության մասին, իր որդիներին դարձրել է Չեխիայի քաղաքացիներ, որպեսզի խուսափեն ծառայությունից։

Ստացվում է, որ հայրենասիրություն և մարդասիրություն քարոզող անձն իր երեխաների մեջ սնել է այլ հայրենիք և սերմանել է սեր այլ հայրենիքների նկատմամբ։

Իրականում հայրենասիրություն բառը այդպիսի գործիչները դարձնում են այցեքարտ՝ բացելով ժողովրդի սրտի դռները, սակայն իշխանության գալով՝ դառնագին շրըխկացնում են դռները թե՛ հայրենիքի առաջ և թե՛ խղճի առաջ:

Հազարավոր ծնողներ մնացին անզավակ 2020թ.-ից հետո, և որևէ մեկը նրանցից չէր հետաքրքրվել՝ ուզում են ծառայել հայկական բանակում, թե ոչ:

Ծառայությունը մեր երկրում պարտադիր է, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Հայկ Մարությանը թերևս հենց ծառայությունից խուսափելու համար է իր որդիներին Չեխիայի քաղաքացիներ դարձրել:

Բայց մի՞թե հայրենիքը չի սկսվում այն սահմանից, որն արյունոտ է, մի՞թե հայրենիքի համար պարտք տալը ըստ ցանկության է»։