«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը չի կատարել հյուրանոցի գնման երկրորդ վճարումը։ Խոսքը տարաժամկետ վճարման մասին է՝ 1 միլիարդ դրամի չափով: Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` լրատվամիջոցներից մեկին փոխանցած գրության, գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը պարտավորվել է վճարել 1 միլիարդ դրամի պարտավորությունը մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը:
Քանի որ երեկ լրանում էր նշյալ ժամկետը, «Փաստը» փորձեց ճշտել՝ արդյո՞ք վճարումը ժամանակին կատարվել է: Թերթի աղբյուրը տեղեկացրեց, որ գումարն ամբողջությամբ վճարված է` համաձայն պայմանավորվածության: Մենք նաև տեղեկություններ էինք ստացել, որ պետության նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմանը զուգընթաց հյուրանոցում լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվել, և այն շահագործման կհանձնվի աշնանը. հյուրանոցային համալիրը գրեթե ամբողջությամբ պատրաստ է շահագործման, կոսմետիկ փոփոխություններն են կատարվում։
Ավելին, կան տեղեկություններ, որ բացման արարողությունը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա հոկտեմբերի վերջը ընկած ժամանակահատվածում:
Ըստ մեր աղբյուրի, շուտով այդ մասին հաղորդագրություն կտարածվի։ Հավելենք, որ, մեր տեղեկություններով, հյուրանոցը հանդես է գալու Eighty Eight բրենդով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում