Մամուլ

Հացի արտադրության ծավալները նվազել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նվազել են հացի արտադրության ծավալները։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին արտադրվել է 128 հազար 167.2 տոննա հաց։ Այս թիվը, 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է 2.1%-ով։ Սակայն 3.1%-ով ավելացել է ալյուրի արտադրությունը. 7 ամիսներին արտադրվել է 89 հազար 827.1 տոննա ալյուր, իսկ 2022 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 87 հազար 108.2 տոննա։

Այս թվերին զուգահեռ ավելացել է մակարոնեղենի և ձավարի արտադրությունը. այս տարվա հունվար-հուլիսին 1.1%-ով էլ ավելացել է մակարոնեղենի արտադրությունը, ձավարեղենի արտադրության ծավալները նույնպես ավելացել են։ Հունվար-հուլիսին արտադրվել է 902.2 տոննա ձավարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.6%-ով։

Սա հետաքրքիր վիճակագրություն է այն իմաստով, որ Ռուսաստանից և Ուկրաինայից Հայաստան եկած քաղաքացիները թեև բնակչության վիճակագրությունը ՀՀ-ում փոխել են, բայց հացի արտադրությունը նվազել է, քանի որ նրանք հայերի նման շատ հաց չեն ուտում»։