Մամուլ

Իշխանությունները կարևոր պաշտոնների համար թեկնածուներ են փնտրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները երկու կարևոր պաշտոնների համար թեկնածու են փնտրում, բայց չեն կարողանում գտնել:

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ավթանդիլյանը ազատվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից: Այս մասին նշված է Հանրապետության նախագահի՝ օգոստոսի 25-ի հրամանագրում։ Արդեն 5 օր է՝ դեռ չեն կարողանում ուժեղ ու շատ խիստ բնավորության անձի գտնել ու նշանակել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ:

Իշխանության վերնախավը փնտրտուքի մեջ է, պետք է կարողանան գտնել մեկին, որը կկարողանա համակարգում առկա խայտառակ իրավիճակը կարգի բերել: Իրավիճակը բարդ է նաև քրեակատարողական ծառայության պետ գտնելու հարցում: Բանն այն է, որ դեռևս օգոստոսի 5-ին Սերգեյ Ատոմյանին ազատեցին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ու մինչ օրս չեն կարողանում գտնել մեկին, որը կկարողանա բանտերում առկա վիճակը կարգավորել»։