Մամուլ

«Ճանշինի ղեկավարն ու նրան հսկող պաշտոնյաներն էլ պիտի պատժվեն». վթարի զոհերի հարազատներ. «Ժողովուրդ»

«Ճանշինի ղեկավարն ու նրան հսկող պաշտոնյաներն էլ պիտի պատժվեն». վթարի զոհերի հարազատներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով զոհվածների հարազատները սպասում են, որ հրավիրվեն նախաքննական մարմին: Բանն այն է, որ զոհված քաղաքացիների հարազատներն անձամբ են գնացել ու ուսումնասիրել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրի կոնկրետ հատվածն ու արձանագրել, որ, «Զիլ»-ի վարորդից բացի, պետք է պատասխանատվության ենթարկվի «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որ հանդիսանում է Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող և սպասարկող կապալառու կազմակերպությունը:

Ըստ ծնողների՝ այդ ճանապարհը «մսաղաց» է, ու պետք է բոլոր պատասխանատուները անպատիժ չմնան: Նկատենք, որ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն հայտնել էր, թե -1 միջպետական ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշանները: Սակայն ծնողները պնդելու են, որ, այսպես կոչված, ճանշինները և պետական պաշտոնյաները, որոնք պարտավոր են հսկել ճանապարհաշինարարներին, պիտի պատժվեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, ինչի հետևանքով 12 ուղևոր մահացան, իսկ «Զիլ»-ի վարորդը կալանավորվեց»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական