«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամառվա տապը քիչ-քիչ կոտրվում է՝ տեղը զիջելով աշնանային նուրբ եղանակին: Թեժ արևին փոխարինելու է գալիս մելամաղձոտ աշունը, սակայն վիզաների ու անձնագրայինների թեժ ու ինչ-որ տեղ նաև հոգնեցնող հերթերը այդպես էլ չեն վերանում:
Շատ քաղաքացիներ, որոնք պլանավորել էին իրենց հանգիստն անցկացնել երկրից դուրս, դեռևս սպասում են վիզա ստանալու իրենց հերթին, այնինչ շատ-շատերը անհասկանալի կարճ ժամկետում ստացել են իրենց վիզաներն ու երկրից երկիր են շրջագայում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս առեղծվածի հիմքում մի շարք տուրիստական ընկերությունների «հերթ առաջ տալու» բիզնեսն է:
Իսկ ի՞նչ է դա նշանակում: Մինչև ուշ գիշեր լինում են դեպքեր, երբ վիզա ստանալու օնլայն համակարգում իրենց հերթից հրաժարվում, այլ կերպ ասած՝ «հերթից դուրս են գալիս» բազմաթիվ քաղաքացիներ, և փաստացի շատ ուշ ժամերի ազատված տեղեր են ի հայտ գալիս, և այս առիթը օգտագործելով՝ տուրիստական շատ ընկերություններ գումարի դիմաց մարդկանց առաջարկում են վիզա ստանալու օրը «առաջ գցել»:
Արդյունքում ոմանք շատ կարճ ժամանակահատվածում ստանում են վիզաներ, ոմանք էլ, տեղյակ չլինելով գործի նրբություններից, ամիսներով սպասում են իրենց հերթին: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վիզաների աջակցման կենտրոնի ղեկավար Անի Քոչարյանի հետ, որպեսզի պարզենք, թե ինչու է խտրական վերաբերմունք ցուցաբերվում քաղաքացիների նկատմամբ: Անի Քոչարյանն ասաց, թե հեռախոսով հարցերի չի պատասխանում:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես գրավոր հարցում ուղարկել է Վիզաների աջակցման կենտրոն: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք»: