Մամուլ

Հայկ Մարությանի բերած 100 նոր գազելներից 30-ը արդեն իսկ շարքից դուրս են եկել. «Հրապարակ»

2019 թվականին քաղաքապետ Հայկ Մարությանը մեծ շուքով ներկայացրեց, որ պատրաստվում է պայմանագիր կնքել WYG բրիտանական ընկերությանը հետ նոր երթուղային ցանցը մշակելու համար, անգամ հրապարակվեց այդ պայմանագրի գինը՝  850,000 եվրո։

Բրիտանացիները ուսումնասիրեցին Երևանի ռելիեֆը և իրենց նախագծում հստակ նախատեսել էին, որ քաղաքի առանձնահատկություններից ելնելով տրանպորտային ցանցի ավտոբուսները պետք է լինեն 7.5-8.5մ, 12մ և 18մ երկարությամբ։ Նույն երթուղային ցանցում նախատեսված չէր 6.6մ երկարության քիչ տեղատարողության «Գազել Սիթի» տեսակի միկրոավտոբուսներ։

Սակայն 2020 թվականին գործող քաղաքապետը 100 հատ «Գազել Սիթի» միկրոավտոբուսի ձեռք բերման պայմանագիր է ստորագրում, որը տեխնիկապես չփորձարկված մոդել է և և պարզ չէր դրանք հնարավոր է շահագործել Երևանյան ռելեֆի պայմաններում, թե ոչ։ 

Արդյունքում անհասկանալի է, թե ինչու է, նոր երթուղային ցանցի նախագծի համար 850,000 եվրո գումար վճարվում, եթե մասնագետները այդ ցանցում խորհուրդ չեն տալիս «Գազել» մակնիշի մեքենաներ ներառել, իսկ դու մի տարի անց 100 «Գազել» ես գնում: Ինչ իմաստ ունի նախագիծ պատվիրել, պետ բյուջեից վճարել, եթե անգամ տարրական կետերը հետո անտեսելու ես:

Հիմա պարզվում է, որ Հայկ Մարությանի բերած 100 «Գազել»-ից օրական շահագործվում է առավելագույնը 65-ը, քանի որ Գազելները տեխնիկապես սխալ են նախագծված` տեղադրված է արտասահմանյան արտադրության «Cummins» շարժիչ, իսկ փոխանցման տուփը պահպանված է հին ռուսական Գազելի փոխանցման տուփը, որի արդյունքում Երևանի ռելեֆի պայմաններում այդ փոխանցման տուփերը օրական խափանվում են։ 

Անգամ սպասարկող ընկերությունը ստիպված է եղել երկարացնել սպասարկման պայմանագիրը ևս մեկ տարով, որ գոնե 65-ը «на ходу» պահեն: Բայց սպասարկման պայմանագրի ժամկետը շուտով կավարտի և Հայկ Մարությանի «բյուջետային» Գազելները շարքից դուրս կգան ստեղծելով նոր խնդիրներ։ Ստեղ են ասել. Թանկից էժանը չկա:

Տեղեկությունը հաստատելու համար դիմեցինք քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանին. «Այդ հարյուր մեքենաներից ամենօրյա կտրվածքով երթուղի է դուրս գալիս 65-ից 70-ը: Այսինքն՝ շուրջ 30-ի հետ խնդիր կա, որը պարբերաբար ավելանում և նվազում է: Ամեն մեկի խնդիրը չեմ կարող նշել մասնագիտորեն, ենթադրվում է, սակայն որ դրանք միանման խնդիրներ են: Խնդիր ունեցող 30 մեքենաները բնականաբար գիծ դուրս չեն գալիս, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ»:

Հարցին, թե ինչո՞վ կբացատրեք թվով երեսուն անսարք Գազելների առկայությունը, անորա՞կ են դրանք փաստորեն, Կոստանյանն ասաց. «Չեմ կարող դրան գնահատական տալ: Ըստ էության ցանկացած մեքենա էլ ինչ-որ շրջանում անսարք է դառնում»: