Մամուլ

Ի՞նչ ունեցվածք ունի պատգամավորի ընտանիքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի տարեկան հայատարարագիրը «դասական ոստիկանի» հայտարարագիր է. նա ոչինչ չունի իր անունով:

Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը մշտապես աշխատել է ոստիկանության համակարգում՝ որպես տեսուչ: 2013-2018 թվականներից եղել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ապա՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։

«Ժողովուրդ» օրաթերթը պատգամավոր Խաչատրյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ 50-ամյա պաշտոնյան ո՛չ գույք ունի, ո՛չ էլ տրանսպորտային միջոց: Նա հայտարարագրել է մի բնակարան Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որը, ըստ նշվածի, պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից:

Խաչատրյանը հայտարարագրել է 1986 թվականի արտադրության Vaz 2106 մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2007 թվականին: Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 950 դրամ, իսկ նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 425 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմից։

Արմեն Խաչատրյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարում կազմել է 140 հազար դրամ և 41 հազար դոլար։ Նա վարկերի մարման համար ծախսել է 5 մլն 598 հազար դրամ։

Խաչատրյանի կնոջ՝ Մարիամ Մինասյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 319 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 3 մլն 510 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Երևանի պետական հումանիտար քոլեջից. ի դեպ, նա հենց այդ քոլեջի տնօրենն է։

Խաչատրյանի որդին՝ Էդուարդ Խաչատրյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հողամաս, որը գտնվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում. այն ձեռք է բերվել 2021 թվականին, սակայն 2022 թվականին այն օտարվել է 5 մլն դրամով Շանթ Պետրոսյանի կողմից։

Տարեսկզբին որդին ունեցել է 2 մեքենա՝ Toyota մակնիշի, 2015 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2019 թվականին, և Nissan մակնիշի՝ 2011 թվականի արտադրության, 2021 թվականին ձեռք բերված։ Տարվա ընթացքում ձեռք է բերել ևս մեկ մեքենա՝ Volkswagen, 2002 թվականի արտադրության, որը նույն տարում օտարվել է 500 հազար դրամով։ Նույն տարում օտարվել է նաև Nissan մակնիշի մեքենան 3 մլն 500 հազար դրամով։ Տպավորություն է, թե մեքենաների առքուվաճառքի բիզնեսով է զբաղված եղել:

Պատգամավորի որդու բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 707 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն: Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 420 հազար դրամ, որից 4 մլն 420 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնից։
Այսինքն՝ պատգամավորի որդին աշխատում է ԱԺ-ում:

Նրա մյուս եկամուտները հաշվետու տարում օտարված գույքից ստացված եկամուտներն են։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարում կազմել է 3 մլն 989 հազար դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 14 մլն 260 հազար դրամ։

Պատգամավորի դուստրը՝ Սյուզան Խաչատրյանը, հայտարարագրել է միայն 500 հազար դրամ կանխիկ գումար։ Որտեղից, ինչ ծագում ունի այն՝ նշված չէ»: