«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ ՄԱԿ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Այս նիստից հետո ակտուալ է դարձել և շատերին է հետաքրքրում, թե, ի վերջո, ինչ է լինելու այս քննարկումից հետո։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը, ՄԱԿ կանոնադրությունն ուսումնասիրելով, պարզեց, որ սցենարները կարող են մի քանիսը լինել։
Անվտանգության խորհուրդը կարող է ընդունել հայտարարություն: Բանաձև ընդունվում է այն դեպքում, եթե դռնբաց նիստին դրան կողմ են քվեարկել ինն անդամ։ Այդ անդամների թվում պետք է լինեն մշտական հինգ անդամները։ Եթե մշտական անդամներից որևէ մեկը դեմ է, ապա բանաձևը չի ընդունվում։
Կարող է ընդունվել Նախագահի հայտարարություն. այն պետք է ընդունվի կոնսենսուսով։ Մյուս տարբերակը Նախագահի գրությունն է՝ նախագահի նամակը կամ մամուլի համար հայտարարություն:
Այստեղ հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի ունեցավ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր կրկին Հայաստանի դիմումի հիման վրա և նպատակ ուներ քննարկել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Սակայն այս քննարկումից հետո կողմերն այդպես էլ կոնսենսուսի չեկան, և հայտարարություն չընդունվեց։ Հայտարարությունն ընդունել ու առաջարկն արել էր Ֆրանսիան, սակայն ռուսական կողմի առարկության պատճառով այն չընդունվեց։ Հետաքրքիր է՝ ինչ կլինի այս անգամ։
Հավելենք, որ Անվտանգության խորհուրդը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր մարմիններից է, բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Չինաստանը ներկայացնող մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք»։