Մամուլ

Էկոնոմիկայի փոխնախարարը քրոջն ավտոտնակ է նվիրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շարունակելով իշխանության գլխին կանգնած անձանց ֆինանսական միջոցների ուսումնասիրությունները՝ բացահայտում ենք, որ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը 2015 թվականին միանձնյա սեփականությամբ ձեռք է բերել բնակարան Ռուսաստանի Դաշնությունում, իսկ 2011 թվականին՝ ավտոտնակ՝ ՌԴ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականին Տերյանը ավտոտնակը նվիրատվությամբ փոխանցել է քրոջը՝ Ռոզի Տերտերյանին։

Տերյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 905 հազար դրամ, 15 հազար դոլար, 18 հազար 519 եվրո և 1 մլն 65 հազար ռուբլի։ Կանխիկ դրամական միջոցները հազմել են 1 մլն 771 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմում են 18 մլն 642 հազար դրամ, որից 13 մլն 582 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, 60 հազարը Ռուս-հայկական համալսարանից է՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն 961 հազար դրամ։

Այսպիսով, բանկային համակարգում աշխատած պաշտոնյաների շարքը համալրում է նաև Նարեկ Տերյանը, որը նախկինում՝ 2017-2018 թվականներին, աշխատել է Մոսկվայի շրջանի կառավարությունում՝ որպես խորհրդական»։