Մամուլ

Թագուհի Թովմասյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատման որոշումը վերացնելու պահանջով Վարչական դատարան է դիմել, դատավոր Անի Չիլինգարյանը հայցը վարույթ չի ընդունել:

Տեղեկացանք, որ նա բողոքարկել է դատարանի որոշումը վերաքննիչ, բայց հայտնի չէ, թե երբ կքննեն բողոքը։

Նշենք, որ վարույթ չընդունելու որոշումը հիմնավորել են նրանով, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ներառված չէ ո՛չ հանրային ծառայության պաշտոններում, ո՛չ հանրային պաշտոններում, ինչը նշանակում է, որ այն դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի տիրույթից, այն ընտրովի պաշտոն է, ուստի դատարանում քննության ենթակա չէ։

Հիշեցնենք, որ ժամանակին նույն խնդրին էր բախվել նաև Նաիրա Զոհրաբյանը, ում ՔՊ-ն հեռացրեց նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Եվ նա փորձում էր վերականգնվել՝ դիմելով Սահմանադրական դատարան, բայց նույն պատճառաբանությամբ նրա հայցն էլ մերժվեց։

Թագուհի Թովմասյանը մեզ փոխանցեց՝  համոզված է, որ դատարանի միջոցով վերականգնելու է իր լիազորությունները հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հակառակ դեպքում պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»։