Մամուլ

Ի՞նչն է դրդել Մարտի 1-ի գործով դատախազին մտնել Գլխավոր դատախազություն և պատիվ պահաջել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը մայիսի 30-ին մտել է ՀՀ գլխավոր դատախազության շենք և պատիվ պահանջել:

Իսկ ի՞նչն է դրդել Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Պետրոսյանին մտնել Գլխավոր դատախազություն և թեժացնել իրավիճակը:

Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատեց Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին, որոնք իրենց անձնական խոսակցության ժամանակ ԱԱԾ քննիչին ասել էին «փալաս» ու վատաբանել էին ղեկավարին: Պարզվում է՝ դատախազներին ազատելուց առաջ Կոտայքի մարզի դատախազությունում բավականին ուշագրավ զարգացումներ են եղել:

Բանն այն է, որ գաղտնալսելուց հետո Կոտայքի մարզի դատախազության արդեն նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի աշխատասենյակ է մտել ԱԱԾ-ն և խուզարկություն իրականացրել: Համակարգում լուրեր կան, որ ԱԱԾ աշխատակիցները, բացի շենքը տակնուվրա անելուց, նաև խոշտանգել են դատախազին:

ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատակիցները լուռ հանդուրժում են համակարգի նկատմամբ իրավապահների այս գործելաոճը: Բացառիկ դեպքը եղել է Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պ. Պետրոսյանը գնացել է գլխավոր դատախազություն ու պատիվ պահանջել իր գործընկեր դատախազներին նվաստացնելու համար:

Նրա այս արարքը չի ընդունվել համակարգում, և հաջորդ օրը նրան զանգահարել են և տեղեկացրել, որ Աննա Վարդապետյանն ազատել է իրեն Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից և տեղափոխել ցածր պաշտոնի, ինչի արդյունքում էլ Պետրոս Պետրոսյանը ազատման դիմում է գրում ու հեռանում համակարգից: Թեև խոսվում է, որ մինչ այս աղմկահարույց միջադեպը Պետրոս Պետոսյանի և Աննա Վարդապետյանի միջև արդեն չհասկացվածություն եղել է:

Պետրոս Պետրոսյանը քրեական գործերից մեկով առարկություն է ներկայացրել, և ղեկավար կազմին դեմ դուրս գալու համար նրա նկատմամբ ծառայողական քննություն են նշանակած եղել, սակայն գործը հետագայում կարճվել է: Իսկ Գլխավոր դատախազության շենք մտնելուց և աղմուկ բարձրացնելուց հետո նրան ցածր պաշտոնի են տանում՝ փորձելով այդպես պատժել :

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց Պ. Պետրոսյանից, որը մեր հարցը լսելուց հետո ասաց. «Չեմ մեկնաբանում»»։