Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այս պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունվարի 27-ին: Մինչ այդ նա Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, սակայն դրանից առաջ գրեթե 6 տարի աշխատել է Շիրակի մարզպետարանում տարբեր պաշտոններում։
Մարզպետը հայտարարագրել է 2 հողամաս Շիրակի մարզի Ամասիա քաղաքում, 2 անհատական բնակելի տուն՝ մեկը՝ Գյումրի քաղաքում, մյուսը՝ Ամասիա քաղաքում, և 3 հողին ամրակցված անշարժ գույք՝ մեկը՝ Գյումրի, մյուսը՝ Ամասիա քաղաքներում։
2016 թվականին Մուրադյանը գնել է 2008 թվականի VAZ մեքենա։ Նրա բաժնային արժեթղթերը և ներդրումները կազմել են 90 հազար դրամ։
Մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 50 հազար դրամ, հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 832 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Շիրակի մարզպետարանի աշխատակազմից:
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 1 մլն 722 հազար դրամ, որից 4 հազար 772 դրամը բնակարանի հիփոթեքի մնացորդն է։
Մուրադյանի դուստրը՝ Էմի Մուրադյանը, հայտարարագրում ոչինչ չի ներկայացրել։ Նրա հետ համատեղ բնակվող Հայաստան Մուրադյանը ներկայացրել է միայն հաշվետու ժամանակաշրջանի եկամուտ՝ կենսաթոշակ 54 հազար դրամ։ Հերմինե Աբրեյանը, որը համատեղ բնակվում է Մուրադյանի հետ, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 հողամաս Աշոցքում և 3 հողին ամրակցված անշարժ գույք՝ մեկը՝ Գյումրի, մյուսը՝ Ամասիա քաղաքներում՝ Մուրադյանի հետ համատեղ սեփականությամբ։ Աբրեյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 35 հազար դրամ, իսկ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 940 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից։