«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգը թեժ աշխատանքային քննարկման մեջ է, նախագիծ են մշակում՝ ընդդեմ ԲԴԽ դատավոր անդամների: Ի՞նչ է սպասվում նրանց:
Հիշեցնենք, որ դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը դատավորների մոտ բարձրացրել էր ԲԴԽ դատավոր անդամների հետ կանչի հարցը և առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Արդյունքում օգոստոսի 4-ին հարցը ընդգրկվեց օրակարգում, և դատավորների քվեարկեցին, որ ստեղծվի նախագիծ, ինչը կդառնա գործիք, որ դատավորների հետ կանչի ինստիտուտը կկարգավորվի իրավաբանորեն:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ այս օրերին դատավորները մշակում են ԲԴԽ դատավոր անդամների հետ կանչի նախագիծը, որը հետագայում կուղարկվի ՀՀ կառավարություն՝ հաստատման, իսկ ավելի ուշ օրենքի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ քննարկելու և քվեարկելու համար։ Ասել է թե՝ ԲԴԽ դատավոր անդամների շուրջ օղակը սեղմվում է, քանի որ ընտրվել են ԲԴԽ անդամներ, սակայն այդ կառույցում դատավորների շահերը չեն ներկայացնում, այլ քաղաքական իշխանությանն են հնազանդվում: Դա է պատճառը, որ դատավորները նրանց մասով գործընթաց են սկսել»: