«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը թեժ քննարկումների թեմա է դարձել ՀՅԴ հայաստանյան կառույցում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ում ոչ միանշանակ է ընդունվել նրա առաջադրումը, այն էլ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի կողմից: Դաշնակցականները օրեր շարունակ քննարկել են նրա առաջադրման հարցը, դաշնակցականների մեծ մասը դեմ է արտահայտվել. ասել են, որ պետք չէ առաջադրել Արայիկ Հարությունյանի ղեկավարած քաղաքական ուժի կողմից, կրել նրա հետ բոլոր անհաջողություններն ու հայրենիքի շահը չսպասարկող որոշումները, այլապես կստացվի, որ կիսում են նրա տեսակետները և հավասարապես պետք է պատասխանատվություն կրեն Արցախում ստեղծված իրավիճակի համար: Վերջում, սակայն, Դավիթ Իշխանյանը որոշում է կայացրել, որ, այնուամենայնիվ, կընդունի Արցախի իշխանությունների առաջարկը և կդառնա ԱԺ նախագահ»: