Մամուլ

Դավիթ Իշխանյանի շուրջ կոնսենսուս կա․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի ԱԺ-ն 2023 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ին, կգումարի ԱԺ արտահերթ նստաշրջան ԱՀ ԱԺ նախագահի ընտրության օրակարգով: Նշենք, որ ըստ այս պահի տեղեկությունների, խորհրդարանը նոր նախագահ կընտրի ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին։ Այստեղ հատկանշական է այն, որ 33 պատգամավոր ունեցող խորհրդարանում ընդամենը 3 հոգանոց խմբակցության անդամն է ընտրվելու ԱԺ նախագահի պաշտոնում։

Թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է, որ Իշխանյանի պարագայում հաշվի է առնվել քաղաքական կոնսենսուսը, քանի որ նա միակ թեկնածուն է եղել, որի նկատմամբ և՛ գործող իշխանության, և՛ քաղաքական դաշտի մյուս դերակատարների, այդ թվում՝ նախկին նախագահների կողմից դրական վերաբերմունք է եղել։Ի դեպ, բացի նշված հանգամանքից, այս քայլը նաև որոշակի քաղաքական վերադասավորում է իրենից ներկայացնում, քանի որ, ըստ էության, իշխանությունը երկրի երկրորդ պաշտոնը զիջում է քաղաքական ընդդիմությանը։ Այստեղ շատ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Արցախի Սահմանադրության համաձայն, նախագահի հնարավոր հրաժարականի կամ իր գործառույթների իրականացման անհնարինության դեպքում նախագահի պաշտոնակատար է դառնում հենց ԱԺ նախագահը։

Հավելենք, որ հայաստանյան իշխանությունների՝ Արցախն իրենցից վանելու գործընթացի պայմաններում Արցախի խորհրդարանի անելիքներն էականորեն մեծացել են, և, ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, փորձ է արվելու Իշխանյանի միջոցով նաև Սփյուռքի կառույցներն ակտիվացնել։ Արցախից թերթին հայտնում են, որ ԱԺ նախագահի պաշտոնում Իշխանյանն ավելի ներկայանալի և ընկալելի կերպար է ինչպես ներսի, այնպես էլ դրսի համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում