«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը 2020 թվականին ձեռք է բերել հիփոթեքով բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, սակայն ևս մեկ տուն է հայտարարագրել Կենտրոն վարչական շրջանում, որը փաստացի իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից։ Թե ում տանն է մնում, ինչի դիմաց, պատգամավորը չի գրել:
Այս պահին Հակոբյանը նշել է, թե ավտոմեքենա չունի, սակայն 2018 թվականին ձեռք բերած մեքենան, ըստ 2021 թվականի հայտարարագրի, վաճառել է 7 հազար 900 դոլարով։ 2021 թվականի հայտարարագրում նրա հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 30 մլն դրամ, որից 26 միլիոնը հիփոթեքի գումարն է, որը ձևակերպված է «ՀայԷկոնոմ» բանկում, իսկ 2022 թվականի հայտարարագրում այդ դաշտում ոչինչ գրված չկա։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 935 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 17 հազար դոլար և 11 մլն դրամ։
Նկատենք, որ Վաղարշակ Հակոբյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 234 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից։ Նախորդ տարիների համեմատ՝ նրա աշխատանքի վարձատրությունը գրեթե մեկ միլիոնով աճել է, քանի որ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականություններն է կատարում»: