«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դատարանը ազատ է արձակել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկին. ո՞վ է նա:
Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ ԱԱԾ-ն կալանավորել էր Արա Բադոյանին, և մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և, դրանով պայմանավորված, նույն օրը ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվելու հետո, համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ է հավաքել, և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել է նշված վայր և միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին, հարվածներ հասցրել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:
Բադոյանը չէր ընդունում մեղադրանքը և իրավապահներին հայտնել էր, որ այնտեղ գտնվել է, բայց չի հարվածել Արարատ Միրզոյանին: Եվ, ահա, այս գործը ուղարկվել էր դատարան. դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել ԱԳ նախարարին ծեծած անձին»: