Մամուլ

Լուրջ փոփոխություններ հարկատուների ցանկում. բանկերը առաջընթաց են գրանցել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ ժամանակահատվածում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ: 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը շարունակում է գլխավորել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ շուրջ 34,8 մլրդ դրամ հարկով:

Իրենց դիրքերը պահպանել են նաև «Գազպրոմ-Արմենիան», որը երկրորդն է՝ մոտ 30,6 մլրդ դրամով, և «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ մոտ 20,2 մլրդ դրամով: Ուշագրավ է, որ եթե 2022 թվականի նույն ժամանակահատվածում առաջին տասնյակում կար երեք հանքարդյունաբերող ընկերություն, ինչպես նաև Լեռնամետալուրգիական ինստիտուտը, ապա 2023 թվականի հունվար-հունիսին տասնյակում միայն ԶՊՄԿ-ն է: Ավելին, «Թեղուտ» ընկերությունը, որն անցած տարի 5-րդն էր, այս տարի 100-րդ տեղում է, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2022 թվականին 7-րդն էր, այս տարի՝ 217-րդը, իսկ Լեռնամետալուրգիական ինստիտուտը 10-րդ տեղից իջել է 417-րդ տեղ:

2022-ի համեմատ տասնյակից դուրս են մնացել նաև «ՄՏՍ Հայաստան», «Ֆլեշ» ընկերությունները, իսկ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» 4-րդ տեղից իջել է 9-րդ: Փոխարենը տասնյակում են հայտնվել մի քանի նոր ընկերություններ՝ «Ամերիաբանկը», «Արդշինբանկը», «Մոբայլ սենթրը», «Փրիթի ուեյը», «Սի Փի էներջին», «Ջի թի այը»: Ի դեպ, ևս մեկ բանկ մոտեցել է լավագույն տասնյակին՝ առաջադիմելով 10 հորիզոնականով: Խոսքը «Ակբա բանկի» մասին է, որը 2022 թվականին 21-րդն էր, այս տարի՝ 11-րդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։