«Հրապարակ» թերթրը գրում է.
«Գրել էինք, որ ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանը, Նաիրա Հովսեփյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատուրյանը, հավակնում են Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր հաստիքներին։ Դատական իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ Սահմանադրական դատարանում եւս տարեվերջին սպասվում են «վթարային տարհանումներ»:
Քանի որ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետը լրանում է, նրան որոշել են փոխարինել իշխանությունների սրտի դատավոր` ՍԴ անդամ Վահե Գրիգորյանով: Վերջինս մերձավորներ ունի ե՛ւ Հակակոռուպցիոն դատարանում` ի դեմս իր վաղեմի ընկեր Կարապետ Բադալյանի եւ Գեւորգ Գյոզալյանի, ե՛ւ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմում` ի դեմս իր սանիկներ Լուսինե Հակոբյանի եւ Տիգրան Եգորյանի: Գնալով ՄԻԵԴ՝ վերջինիս ազդեցությունը ՀՀ հասարակական դաշտում եւ դատական համակարգում առավել կուժեղանա: Իսկ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ցանկանում է տեղափոխվել Եվրասիական տնտեսական միության դատարան, ուր եւս հաջորդ տարվա սկզբին երկու թափուր տեղ է առաջանալու:
«Դիլանյանն էլ է հասկանում, որ իրեն տրված քարտ բլանշը Հայաստանի սահմաններին առնչվող պայմանագրերի վավերացումն է, եւ դրանից հետո կարող է իրեն թույլ չտան չորրորդ ատյանի կարգով հարցեր լուծել` չունենալով որեւէ պատասխանատվություն դրա հետեւանքների համար»,- ասաց մեր աղբյուրը։