Մամուլ

Այսօր կհրապարակվի Դավիթ Տոնոյանին ԱԺ մտնելու թույլտվություն շնորհելու մասին որոշումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ Հակակոռուպցիոն դատարանում քննարկվում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզեցինք, որ միջնորդությունը անձամբ դատարանում ներկայացրել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ պահանջել, որ իրեն առանց ձեռնաշղթաների կամ ԱԱԾ ուղեկցող խմբի դատարանը թույլ տա ԱԱԾ մեկուսարանից դուրս գալ եւ գնալ Ազգային ժողով, ինչը սովորաբար կիրառվում է կարճատեւ այցերի ժամանակ։

Դատավոր Վահե Դոլմազյանը նմանօրինակ դեպքերի համար ասել է, թե կալանավորին ԱԺ քննիչ հանձնաժողով ինչ կարգով պետք է թույլ տալ ներկայանալու. համապատասխան ընթացակարգ չկա: Բայց, չնայած դրան, այսօր Հակակոռուպցիոն դատարանը կհրապարակի նախկին նախարարին ԱԺ մտնելու թույլտվություն շնորհելու մասին որոշումը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Հակակոռուպցիոն դատարանը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ՀՀ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից գնալ ԱԺ քննիչ հանձնաժողով եւ իր տեսածն ու լսածը հայտնել քննիչ հանձնաժողովին։

Բանն այն է, որ քաղաքական իշխանությունները բացատրել են դատարանին, որ քննիչ հանձնաժողովում քննվում է պետության համար կարեւորագույն հարց, ու թեեւ նախադեպ չկա, ամեն դեպքում, Դավիթ Տոնոյանի ցանկացած խոսքը կարող է լինել նոր քննության առարկա, եւ նրա ներկայանալը հանձնաժողով խիստ անհրաժեշտ է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։